Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու եւ հավի կոտլետի արտադրական գործունեությունը:

Ծառայության մամուլի բաժնից հայտնում են, թե «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու (մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով) եւ հավի կոտլետի (բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշով) արտադրատեսակը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560 որոշման պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական` վերացնելու հայտնաբերված խախտումները, պելմենի եւ հավի կոտլետ արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560 որոշման պահանջներին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը:

«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գաթա» արտադրատեսակի թխվածքը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի եւ սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները եւ N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: