Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ հայր եւ որդիներ Նարեկ Ք.-ն, Արթուր Ք.-ն եւ Գոռ Ք.-ն մեղադրվում են իրենց համագյուղացի Արմեն Գ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
22-ամյա Նարեկը հոր եւ եղբոր հետ Կոտայքի մարզի Կապուտան գյուղում վիճաբանել են համագյուղացի Արմեն Գ.-ի հետ, որի ընթացքում հայրը եւ եղբայրը ձեռքերով, իսկ Նարեկը ոտքերով ծեծել են Արմենին՝ դեմքի շրջանում առաջացնելով կապտուկներ: Բացի դրանից Նարեկն իրենց գյուղի եկեղեցու մոտ, Արմեն Գ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ավտոմեքենայի շարժիչը գործարկելու համար նախատեսված բռնակով հարվածել է նրա դեմքին, իսկ հետո կացինը նետել նար ուղղությամբ՝ վնասելով Արմենի փախ ձեռքը:
Նարեկ Ք.-ին, Արթուր Ք.-ին եւ Գոռ Ք.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նարեկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Երեք մեղադրյալների դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























