Նկատելի փոփոխություններ են կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ. մեր խնդիրը եւս ոչ միայն այդ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելն է, այլ բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովելը. այս առումով եւ Երեւանում, եւ մարզերում մեծ աշխատանք է կատարվել, սակայն նաեւ շատ անելիքներ ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը նշել է, որ Երեւանում քաղաքաշինական միջավայրն ու տրանսպորտային միջոցները հարմարեցնելու ուղղությամբ արդեն իսկ արված եւ կատարվելիք քայլերը: Մասնավորապես՝ արդեն կա Երեւանի քաղաքապետի որոշումը. հասարակական նշանակության բոլոր շինությունների նախագծման փուլում պարտադիր պայման է թեքահարթակների առկայությունը, շինությունները շահագործման կընդունվեն միայն հասարակական կազմակերպությունների դրական վիզաների առկայության դեպքում: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին՝ 2014թ. 10 ավտոբուս կհարմարեցվի տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին, քննարկվում է նաեւ հարմարեցված տաքսիների գաղափարը:
Արեյանն առաջարկեց ազգային հանձնաժողովի անունից դիմել քաղաքաշինության նախարարությանը՝ շրջակա միջավայրի ունիվերսալ դիզայնի պարտադիր նորմեր նախատեսելու, եղած խնդիրներին օրենսդրական լուծումներ տալու համար:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ նախարար Ասատրյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար եւ նշեց. «Հաշմանդամությանը վերաբերող ցանկացած հարց արագ եւ արդյունավետ լուծում է ստանում, երբ դրանց լուծմանը մասնակցում են հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցող անձինք, երբ կա համագործակցություն բոլոր կառույցների միջեւ»:




























