Նախագիծը, որի շնորհիվ չինական մասնավոր «O-bay Aircraft Company» ընկերությունը մտադիր է ռուսական «Սուխոյ Սուպերջեթ 100» (Sukhoi Superjet-100, SSJ-100) ինքնաթիռներ հավաքել, հնարավորություն կտա Խենան շրջանում շուրջ 500 հազար նոր աշխատատեղ ստեղծել:

Հաղորդվում է, որ չինական կողմի համար նախագիծը 20 մլրդ յուան կարժենա (3.2 մլրդ դոլար): Ենթադրվում է, որ Չժենչժոուի ձեռնարկությունում 100 ինքնաթիռ է հավաքվելու: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով չինական «Խուանցյու շիբաո» պարբերականին:

«Պայմանագիրը կնքելուց հետո Չժենչժոուն կդառնա Չինաստանի երրորդ քաղաքը՝ Տյանցզինից եւ Շանհայից հետո, որտեղ 100-ից ավելի նստատեղով ինքնաթիռ են արտադրում»,- գրում է թերթը: Ենթադրվում է, որ ձեռնարկությունը տեղակայվելու է օդանավակայանի մերձակայքում գտնվող տնտեսական գոտում:

Չինական կողմի տվյալներով, քաղաքացիական «Սուխոյ»-ները կսկսեն հավաքել 2016թ.-ից, իսկ ամբողջ հզորությամբ ձեռնարկությունը կգործարկվի 2018-ին: