Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ՝ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երեւանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված կարգի համաձայն, խրախուսանքի է արժանացել 10 ընթերցում, իսկ դրանցից 6-ն արժանացել է առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների։ Երեւանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են խրախուսվել նաեւ համաքաղաքային միջոցառումներ կազմակերպած դպրոցները։ Մրցանակները աշակերտներին եւ ուսումնական հաստատությունների տնօրեններին է հանձնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Թումանյանական ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցի, տուն-թանգարանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների հետ, բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Մեծ գրողի 145-ամյակի միջոցառումներին մասնակցել են նաեւ մայրաքաղաքի մանկապարտեզները. անցկացվել են բաց դասեր։ Լավագույն բաց դասերն անցկացրած մանկապարտեզները եւս արժանացել են խրախուսական անվանակարգերի մրցանակների։