«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի ցանկանում պատասխանել հարցերի: NEWS.am-ի թղթակիցը փորձել է նրանից մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին, սակայն նա, առանց հարցը լսելու, հայտարարեց, թե չի ցանկանում պատասխանել հարցերի:
Հարցին, թե ինչն է նման որոշման պատճառը,նա նշեց. «Ասում եմ՝ չեմ ուզում պատասխանեմ հարցի, ասում ես՝ ինչն է պատճառը: Իմ օրենքով տրված իրավունքն է, եւ ես սիրում եմ իմ իրավունքները պաշտպանել
Ես չեմ սիրում այն մարդկանց, որ ոտնձգություն են կատարում իմ իրավունքների նկատմամբ»:
Դիտարկմանը, թե պատգամավոր եք եւ մեկ-մեկ ստիպված եք պատասխանել հարցերին, գործարար ԲՀԿ-ականն ասաց, որ օգտվում է իր իրավունքից: Այդպես էլ չկարողացանք նրան համոզել գոնե հանուն հետաքրքրության լսել հարցը:
Դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ մշտապես հրաժարվում եք մեր հարցերին պատասխանելուց, պատգամավորը մեղադրեց ստախոսության մեջ: «Ես միշտ չեմ մերժում, սուտ մի խոսացեք, էդ ի՞նչ դեպք է եղել, որ չեմ պատասխանել, երեւի ձեզ սխալ ինֆորմացիա է հասել, երեւի, որ զանգում ես, հարցերին պատասխանելու ցանկությունս կորում է»,- նշեց նա:
Հարցերին պատասխանելու ցանկությունը Գրիգորի Մարգարյանը կվերագտնի մեկ-երկու ամսից:




























