«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա կալանավոր Արմեն Հ.-ն մեղադրվում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով տարբեր անձանցից ավելի քան 3 մլն դրամ հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Արմենը, 2.5 տարի լինելով անազատության մեջ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում բացել է էջեր եւ ծանոթացել ավելի քան 18 քաղաքացիների հետ, որից հետո կապը շարունակել բջջային հեռախոսի միջոցով: Այս ընթացքում կալանավորը ներկայացել է տարբեր երկրների քաղաքացի կամ գործարար եւ խնդրել իր հեռախոսահամարին փոխանցել տարբեր չափի գումարներ: Ընդհանուր առմամբ Արմենը հափշտակել է 3 մլն 780 հազար ՀՀ դրամ:
Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:




























