ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրացնելու են Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Եվրախորհուրդն անպայման պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ Թուրքիան, որի կողմից էլ ահաբեկիչները հարձակվել էին Քեսաբի վրա, Եվրախորհրդի անդամ է եւ հավակնում է Եվրամիությունում անդամակցության:
Բացի այդ, ըստ Զոհրաբյանի, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում բավական հետաքրքիր մի նախագիծ է քննարկվելու, որը վերաբերում է աղանդներին եւ նրանց գործունեությունից երեխաների ու դեռահասների պաշտպանությանը. «Այդ նախագիծն ինձ հաճելիորեն զարմացրեց, քանի որ ժամանակին ես եւ այն ժամանակ պատգամավոր Արմեն Աշոտյանը ԵԽԽՎ-ին նախագիծ էինք ներկայացրել, որում հստակ բնորոշվում էր «հոգեորսությունը», եւ աղանդավորների ազդեցությունից երեխաների եւ դեռահասների պաշտպանական մեխանիզմներ էինք առաջարկում: Բայց այն ժամանակ Վենետիկյան հանձնախումբն ու Եվրախորհուրդը հայտարարեցին, որ այդ հակասում է խղճի ազատությանը: Ներկայում Եվրախորհուրդը հայտնվել է այնպիսի խնդրի առջեւ, որ ստիպված է Քրեական օրենսգրքում փոփոխություններով ավելի խիստ նախագիծ ներկայացնել»:
«Եվրոպան հասկացավ, թե ինչ է նշանակում լիբերալ մոտեցում ցուցաբերել երկրին վնաս հասցնող աղանդավորական շարժումներին»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:


























