Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկները ավելի քան 30 տոկոսով կրճատել են մահացու ելքով վթարները: Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշել է, թե տեսախցիկները զգոն են դարձրել ոչ միայն վարորդներին, այլեւ ավտոառեւանգիչներին, առեւանգումների քանակը նվազել է 80-90 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված ավտովթարների թիվն աճել է, բայց դա հիմնականում կապված է ԱՊՊԱ-ի ներդրման եւ հաշտությունից վարորդների հրաժարման պրակտիկայի հետ: Հանրապետությունում վերջին տարիներին մահացու ելքով վթարների թիվը չի նվազում՝ 2011, 2012 եւ 2013 թվականներին դրանք համապատասխանաբար կազմել են 327, 311 եւ 316 դեպք, բայց Երեւանում արդյունքն ակնհայտ է՝ 92, 63 եւ 61 դեպք: Իսկ տեսախցիկների 90 տոկոսը տեղադրված են հենց Երեւանի փողոցներում:




























