Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 44-ամյա Վաչագան Մ.-ն մեղադրվում է հարեւանուհուն, ապա նաեւ ոստիկանության ներկայացուցչին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 1-ի ցերեկը: Վաչագանն իրենց շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտանոկւմ անհիմն պատճառով վիճաբանել է հարեւանուհու՝ Վենետիկ Մ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Վաչագանը մի քանի անգամ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է Վենետիկ Մ.-ին: Դեպքի առթիվ ոստիկանության բերման ենթարկված Վաչագանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը եւ դիմադրել է, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածել է ոստիկանության տեսուչ Վրեժ Ե.-ին:
Վաչագան Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Վաչագան Մ.-ն կալանավորված է:
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























