Ըմբշամարտի Ադրբեջանի եւ Եվրոպայի չեմպիոն Ջեյհուն Ալիեւը, պարզվում է, եղել է Սիրիայում ոչնչացված վարձկանների խմբի կազմում:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Սիրիայում վերջին օրերին սպանված 12 ադրբեջանցիներից երկուսը, այդ թվում՝ Ջեյհուն Ալիեւը, Սուբգայիթի բնակիչներ են եղել: Ջեյհունի քույրը ներկայում Սիրիայում է: Հաղորդվում է նաեւ, որ մարտերում սպանվել է նաեւ Ալիեւի քրոջ ամուսինը: Հենց աղջիկն էլ հարազատներին տեղեկացրել է եղբոր եւ ամուսնու սպանվելու մասին: Նա ասել է, որ նրանց դիակները դեռեւս մարտական գործողությունների գոտում են: Տեղեկատվության համաձայն, Ջեյհուն Ալիեւը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Ադրբեջանի եւ Եվրոպայի չեմպիոն: Մոջահեդները նաեւ Ջեյհուն Ալիեւի լուսանկարն են տարածել:
Ադրբեջանցի զինյալների ինտերնետային էջերի տեղեկատվության համաձայն, Սիրիայում ոչնչացված ադրբեջանցիներից մեկն էլ իրենց խմբի ղեկավարն է՝ Մուսաբ Աբդուլռահիմ Աբդուլմաջիդը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օրերս հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են IŞİD խմբավորման 13 անդամներ: Նրանց մեծ մասն Ադրբեջանից են: Տեղեկատվության համաձայն, կառավարական ուժերի ծուղակն են ընկել 25 զինյալներ, որոնց կեսը սպանվել է: Հատկանշական է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է նաեւ երկու թուրք զինյալ: Նշվում է, որ Էբու Իսմայիլն ու Մուսթաֆան Անկարայից են:
Տարեսկզբից Սիրիայում մեծ թվով Ադրբեջանից վարձկաններ են ոչնչացվել, որոնք գործունեություն էին ծավալում «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման կազմում: Սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 100 ադրբեջանցի է ոչնչացվել: Նրանց լուսանկարները զինյալները տեղադրում են սոցիալական ցանցերում: «Ջեբհատ ան-Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարության կողմից:




























