Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Թուրքիան պատրաստ է ընդունել Սիրիայի Քեսաբի շրջանի հայ բնակչությանը եւ ապահովել նրանց անվտանգությունը։
Իսլամիստ-ջիհադականներին Սիրիայի հայաբնակ Քեսաբ ուղարկելուց հետո բարձրացված աղմուկը ստիպել է Թուրքիայի ԱԳՆ-ին հայտարարությամբ հանդես գալ՝ հերքելով, թե Թուրքիան չի աջակցում ահաբեկչական խմբավորումներին, երբ youtube-ում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ահաբեկիչները առանց որեւէ խոչընդոտի զենքերով եւ մեքենաներով Թուրքիայի Յայլադաղի անցակետից մտնում Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան ՄԱԿ-ին եւ Հայկական սփյուռքին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել Քեսաբի հայ բնակչությանը եւ ապահովել նրանց անվտանգությունը։
Նշենք, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ Թուրքիայից Քեսաբի շրջան ներխուժած ահաբեկչական խմբավորումները թալանում են հայերի տները եւ թալանածն ուղարկում Թուրքիա։
Բացի այդ, թուրքական Haber.sol կայքը տեղադրել էր «Ալ Նուսրա» խմբավորման զինյալներից մեկի տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես են ահաբեկչական խմբավորման անդամները զենքերով առանց խոչընդոտի Թուրքիայից մտնում Սիրիա, իսկ սահմանում որեւէ թուրք աշխատակից չի կանգնեցնում։
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 23-ի կեսօրին սիրիական ռազմական օդանավը հայերին պաշտպանելու համար գործողություն էր իրականացնում Քեսաբ մտած ահաբեկչական խմբավորումների դեմ, երբ թուրքական օդուժը հարվածել եւ վայր էր գցել սիրիական ռազմական օդանավը։
Արթուր Հակոբյան




























