Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 28-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ամուսնու կողմից հասցված 21 դանակի հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն տեղեկացնում է, որ դատավարությունը դռնբաց է:
«Հաշվի առնելով, որ այդ օրն ամենայն հավանականությամբ տեղի կունենա վերջին դատական նիստը դատավճռի հրապարակումից առաջ՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունները ներկա կգտնվեն Դիանայի գործով դատական նիստին՝ նպաստելու գործի արդար քննությանը:
Դիանայի գործի լուսաբանմամբ եւ դեպքի ընթացքի հետեւողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2012 թ.-ի դեկտեմբերից»,- նշել են հայտարարության հեղինակները:
Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված է հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել է ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես են եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Ոչ ոք չի արձագանքել:




























