Twitter-ը հայց է ներկայացրել թուրքական դատարան՝ բողոքարկելով Թուրքիայի իշխանությունների որոշումը երկրի տարածքում արգելել ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«6 օրվա ընթացքում մենք մեր անկախ գործընկերների հետ աշխատել ենք միջնորդության վրա, որպեսզի  բողոքարկենք Twitter-ի արգելափակումը»,- պարզաբանել են ընկերությունում: Twitter-ը գրում է, որ թուրքական իշխանությունների կողմից այս արգելքն իրենից ներկայացնում է դատական երեք որոշումների շարք, որոնցից ոչ մեկն ընկերությանը նախքան արգելափակումը չի ներկայացվել:

Ընկերությունը հաստատում է, որ որոշումներից երկուսը վերաբերում են  միկրոբլոգում տեղադրվող նյութերին, որոնք խախտում են ծառայությանից պահանջվող պայմանները, հետեւաբար հեռացվել են: «Վերջին որոշմամբ պահանջվում էր Twitter-ից արգելափակել օգտատերի հաշիվը, ով իր գրառումներից մեկում Թուրքիայի վարչապետ Էրդողանին  մեղադրել էր կոռուպցիայի մեջ: Նման որոշումները մեզ մոտ զարմանք են առաջացնում»,- պարզաբանվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում կապի եւ հեռահաղորդակցության վարչությունը մարտի 26-ին արգելափակել է Twitter-ը: Համապատասխան որոշումը կայացվել է որպես «պաշտպանող միջոց» եւ հիմնված է մի շարք դատական որոշումների վրա: Սա առաջացրել է հասարակության մեծ մասի դժգոհությունը, ովքեր զգուշանում են, որ կարող է տարածվել նաեւ մյուս սոցիալական ցանցերի վրա: Այդ մասին հայտարարել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: