Նյու Յորքում ընթացող դատավարության ժամանակ 12 ատենակալները «Ալ-Քաիդա»-ի նախկին պարագլուխ Ուսամա բին Լադենի փեսային մեղավոր են ճանաչել ահաբեկչության մեջ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Աբու Ղեյթը որոշ ժամանակ կատարել է «Ալ-Քաիդա»-ի մամուլի խոսնակի պարտականությունները: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո նա խմբավորման ամենաբարձրաստիճան դեմքն է, որ դատվում է ԱՄՆ տարածքում:

Ատենակալները ընդունել են Սուլեյման Աբու Ղեյթի մեղքը երեք դրվագներով: Խոսքը ամերիկյան քաղաքացիներին սպանելու դավադրության, «Ալ-Քաիդա»-ին աջակցելու մասին է: Ամբաստանյալին բռնել են մեկ տարի առաջ Հորդանանում, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Մեղադրանքի կողմը ատենակալներին տեսագրություն է ցուցադրել, որում Աբու Ղեյթը իր հավանությունն է տվել ահաբեկչությանը եւ նախազգուշացրել հետագա հարձակումների մասին: