Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը խոստացել է թույլ չտալ, որ Ուկրաինան Սոմալիի վերածվի, որտեղ փողոցներում ավազակախմբերն են կառավարում: Նա հայտնել է, որ իրենց Աջ սեկտոր անվանողները դիմակայում են Ուկրաինայի ՆԳՆ երկու շրջաններում՝ Անդրկարպատներում եւ Զապորոժյեի շրջանում:

Ըստ նախարարի՝ Անդրկարպատներում իրենց Աջ սեկտոր անվանող մի խումբ մարդիկ, բարիկադավորվել են եւ դիմակայում են արդեն երկու օր: «Երբ մի կողմից կանգնած են իրավապահ մարմինները դատարանի սանկցիաներով, իսկ մյուս կողմում կանգնած են ավտոմատ զենքով մարդիկ, այդ թվում նաեւ նռնականետներով, այդ իրավիճակը պետք է լուծել»,- ասել է նախարարը, հաղորդում է Ցենզոր.ՆԵՏ-ը:

Զապորոժյեի շրջանում իրենց Աջ սեկտորի ներկայացուցիչներ անվանող մի խումբ մարդիկ գրավել են երկաթի հանքաքարի գործարանի մի մասը եւ հայտարարել, որ իրենք են կառավարելու գործարանը: «Եվ նորից բախումներ, նորից մի կողմից կանգնած են իրավապահները, իսկ մյուս կողմից ՝ ավտոմատներով զինված անհայտ մարդիկ: Այդ իրավիճակներին պետք է վերջ տալ: Եթե քաղաքական կարգավորումը հարմար չէ, ապա պետությունը պետք միջոցներ ձեռք առնի: Հակառակ դեպքում մենք վերածվում ենք Սոմալիի, երբ մեզ մոտ փողոցներում իշխում են ավազակախմբերը եւ որոշում, թե ինչ եւ ինչպես է կատարվում: Իմ գործառույթն է թույլ չտալ դա»,-ընդգծել է Ավագովը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՆԳՆ աշխատակիցների կողմից կալանավորման ընթացքում զոհվել է Աջ սեկտորի Ուկրաինայի Արեւմուտքի առաջնորդ Սաշա Բիլիյը (Ալեքսանդր Մուզիչկոն): ՆԳՆ-ում հայտարարել են, որ Մուզիչկոն զինված է եղել եւ կրակել է: Աջ սեկտորում հայտարարել են, որ Բիլիյը չէր կարող ինքն իրեն կրակել եւ խոստացել են վրեժ լուծել Ավագովից նրա մահվան համար: