«168 ժամ» թերթը գրում է. «Մեր իշխանությունների համար իրենց հարազատ գողական «պանյատներից» մեկը՝ «ատմազկան», դարձել է գործունեության նորմ: «Ազտմազկան» ոչ արդարացումն է, ոչ էլ հիմնավորումը, ինչպես կարելի է մտածել առաջին հայացքից: Դա «շուստրիությամբ» որեւէ հարցում արդարանալու համար մեկ այլ խնդրի կամ դրա նենգափոխմանը հղում կատարելն է, ինչի ականատեսը եղանք նաեւ երեկ: Բնապահպանական ակտիվիստները բողոքի համար ընտրել են ոչ այնքան հաճելի, ոչ բոլորի կողմից ընդունելի տարբերակ, ինչին ի պատասխան` ՀՀ բնապահպանության նախարարը սպառնացել է՝ «Ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:

Եվ ահա, երեկ ողջ իշխանական համակարգը լծված էր բազմիմաստ մականվամբ այդ նախարարին արդարացնելու գործին: Ուշագրավ է հատկապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը, ով համեստորեն երեկ իրեն ներկայացրեց` որպես «բարեկրթության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»: «Դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին, դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները»,- ասում է Աշոտյանն ու սկսում արդարացնել իր գործընկերոջը:

Ընկերասիրությունը չափազանց գովելի հատկանիշ է, սակայն պաշտպանելով ընկերոջը՝ Աշոտյանն ակամա անհարմար վիճակի մեջ է դնում իշխանությանը, այսինքն՝ «ախպերությանը»: Որովհետեւ նրա տրամաբանությունից բխում է՝ «դրանց հասնում ա»:
Հենց սա է իշխանության հավաքական արդարացումը ինչպես` ակտիվիստներին հայհոյելու, այնպես էլ` նմանատիպ այլ պարագաներում: Այսինքն՝ իշխանությունն իրեն դրսեւորում է` հետեւելով ընդդիմախոսի վարքագծին: Եթե դիմացինը հայհոյում է` կարելի է հայհոյել, եթե դիմացինը գող է` կարելի է պատասխանել գողությամբ, ու այդպես շարունակ:

Այսինքն՝ իշխանությունն իր գործողությունների առաքինությունն ու բարոյականությունը (թող ներվի այս հասկացությունների ոչ համարժեք կիրառումը) պայմանավորում է դիմացինի համապատասխան հատկանիշներով: Իսկ դա նշանակում է՝ որքան ավելի վատն է տվյալ պահի ընդդիմախոսը, այնքան ավելի լավ՝ իշխանության համար. կարելի է ցանկացած հանցագործություն կատարել՝ հղում անելով դրա դեմ պայքարողների հանցավոր ներկային կամ անցյալին: Հենց այդպես էլ վարվում է ՀՀ կառավարությունն իր անօրինական քայլերն արդարացնելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում