«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները չեն հոգնում հայտարարելուց, թե իրենց հաջողության գրավականը համախմբումն է՝ հանուն իշխանափոխության։ Այդ կապակցությամբ ամեն առիթով ձգտում են փոխադարձ սեր ցուցադրել միմյանց նկատմամբ։

Իսկ իրականում խորհրդարանական ընդդիմությունն անում է ամեն հնարավորը, որ չիրականացնի իշխանափոխություն։ Եվ, ամենայն հավանականությամբ, կհասնի իր այդ նպատակին։ Քանզի քաղաքական պայքարում այնուամենայնիվ գլխավորը սերը չէ։ Կան ավելի կարեւոր բաներ։
Մեր համոզմամբ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները չեն կատարում իրենց «սահմանապահ» գործառույթը, որն անչափ կարեւոր է ժողովրդավարության կենսունակության համար։

Հենց խորհրդարանական-քաղաքական համակարգի եզրագիծը պետք է ծառայի որպես թաղանթ, որը զատում է արմատական, բայց սոցիալապես ընդունելի ուժերին (մարդկանց, գաղափարները), արտահամակարգային (ընդհանուր ժողովրդավարական կոնսենսուսի շրջանակներից դուրս գտնվող) ուժերից։ Համապատասխանաբար՝ այն ոչ միայն անջրպետ է դնում, այլեւ կլանում, ինտեգրում իր մեջ ամեն կենդանին ու առողջը մերձխորհրդարանական միջավայրից։

Մեր խորհրդարանական ընդդիմությունը իսպառ հրաժարվել է կատարել այդ գործառույթը։ Առաջնորդների գլխավոր խնդիրը եղել եւ մնում է բողոքային ռենտայի (իշխանության, այլ ոչ թե բուն ընդդիմության կողմից ինքնաբերաբար ստեղծվող բողոքի ձայների հանրագումարի) նկատմամբ մենաշնորհի պահպանումը։ Ռենտան ստանալու համար պահանջվում է ոչ թե մրցունակության բարձրացում («թարմ արյան» ներհոսքի հաշվին), այլ ոչ մեկի հետ չկիսվելու ունակություն։ Այստեղից էլ՝ «ընդդիմադիր կորպորացիաների» բացարձակ փակ բնույթը, գումարած սեփական միջավայրում այլընտրանքային առաջնորդների չեզոքացումը։

Այդ իրավիճակում, երբ քաղաքական համակարգի սահմանը «կողպված» է, անխուսափելի դարձավ քաղաքական սպեկտրի արտահամակարգային մասի ընդարձակումը։ Այն վերջին տարիներին համալրվում էր ոչ թե նրանցով, ում ճանապարհը փակում էր իշխանությունը, այլ նրանցով, ում ճանապարհը փակում էին «սահմանապահները»՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։Արդյունքում քաղաքական դաշտը հայտնվում է անհայտության վիճակում, ինչը առաջացնում է անհամարժեք պահվածք եւ հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում