Ղրիմում իրավապահները նախաքննական ստուգում են իրականացրել Ուկրաինայի ԶՈՒ չորս զինվորականների հանդեպ, արդյունքում վերջիններս ազատվել են, հայտնում է «Կրիմինֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային գերատեսչությանը:
Գործակալության տվյալով՝ գեներալ-մայոր Իգոր Վորոնչենկոն, գնդապետ Յուրի Մամչուրը, փոխգնդապետ Դմիտրի Դելյատիցկին եւ մայոր Ռոստիսլավ Լոմտեւը ձերբակալվել էին «Ղրիմի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն աջակցելու համար»:
«Հաշվի առնելով, որ այս քաղաքացիները չեն կատարել Կիեւից ստացած հանցավոր հրամանները եւ համագործակցել են անվտանգության մարմինների հետ, Ղրիմի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարությունը նրանց ազատելու որոշում է կայացրել», - հայտնում է «Կրիմինֆորմը»:




























