Երկու երեխաների վրաերթի ենթարկած վարորդը 51-ամյա Անդրիաս Աբրահամի Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով ) եւ 244-րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածի հատկանիշներով:

Ի դեպ, վրաերթի հետեւանքով տուժած 13-ամյա Լավրենտի Հայկի Պետրոսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  նրա ազդրը  կմախքային ձգման տակ է, փորձում են կոնսերվատիվ բուժում տանել: «Եթե ոսկորների սերտաճումը լինի նորմալ, կբավարարվենք դրանով, եթե շեղում լինի, պետք է վիրահատվի: Մոտակա երկու շաբաթվա ընթացքում վերջնական պարզ կլինի»,- նշեց հիվանդանոցի տնօրենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով  Shamshyan.com-ին, որ մարտի 17-ին, ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Օպերատիվ քննչական խումբը պարզել էր,որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ է՝ 14 տարեկան, իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն, ցավոք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած ու վիրավոր տղան մարզիկներ էին, նրանք Քասախ գյուղ էին եկել կարատեի պարապմունքի եւ վերադառնում էին տուն: