Ճապոնիայում տարի մահվան դատապարտվածների խցում 34 տարվա բանտարկությունից հետո ազատություն է ստացել երկրում ամենահայտնի կալանավորներից մեկը՝ 78-ամյա Իվաո Խակամադան, որը մահապատժի էր դատապարտվել սպանությունների համար:

Դատարանն այս գործով ապացույցները կեղծ է համարել եւ վերաքննելու որոշում կայացրել: Այն նաեւ կասեցրել է մահապատժի դատավճռի գործողությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս պատմությունը սկսվել էր  1966թ. հունիսի 30-ին, երբ սեփական տանը գազանաբար սպանվել էին ոչ մեծ ընկերության սեփականատերը, նրա կինը եւ երկու երեխաները: Չարագործը այրել էր տունը, սակայն հետքերը թաքցնել նրան չէր հաջողվել: Սպանության կասկածանքով ձերբակալվել եւ 1968թ. մահապատժի էր դատապարտվել ընկերության աշխատակից Իվաո Խակամադան: Հիմնական հանցանշանը նրա արյունոտված հագուստն էր հանդիսացել, որը գտնվել  էր հանցանքի վայրում: Ենթադրել էին, որ հագուստի վրա Խակամադայի արյունն է՝ զոհի հետ պայքարելիս ստացած վնասվածքների հետեւանքով:

Դատի ժամանակ կալանավորը հայտարարել էր, որ անմեղ է: Այնուամենայնիվ, 1980թ. Գերագույն դատարանը հաստատել էր նրա մահվան դատավճիռը: Մեղադրյալը բողոքարկել էր, սակայն  2008-ին վճիռը կրկին հաստատվել էր: Այդ ժամանակ այն կրկին բողոքարկել էր մեղադրյալի քույրը: Երկրորդ բողոքարկման ընթացքում դատարանը խոստովանել էր, որ վերնաշապիկի վրայի արյունը Խակամադային չի պատկանում: Դատարանը նաեւ ենթադրել է, որ արյունոտված հագուստը միտումնավոր է թողնվել այնտեղ:

Դատարանի որոշումը սենսացիա է առաջ բերել, նորությունների բոլոր թողարկումները դրան են նվիրված: Հետպատերազմական Ճապոնիայում սա արդեն վեցերորդ կասեցված մահապատժի դեպքն է: