Մոսկվայում էթնիկ հանցավորության մակարդակը 1999թ.-ից մինչեւ 2013թ. քառակի աճել է , մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ՆԳՆ ԳՎ Քրեական հետախուզության վարչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գուսակովը:
Ըստ նրա՝ 2013թ. Մոսկվայում հայտնաբերվել եւ վնասազերծվել է 592 հանցախումբ՝ ազգային հատկանիշներով ձեւավորված: Այս գործողությունները թույլ են տվել փողոցային հանցագործությունների մակարդակը նվազեցնել 30%-ով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ ոստիկանության՝ էթնիկ հանցախմբերը վաղուց կիսել են ստվերային շուկան: Հարավային Կովկասից, մասնավորապես՝ Վրաստանից գնացածները մասնագիտացել են բնակարանային կողոպուտների եւ դրամական փոխադրումներ իրականացնողների վրա հարձակումների գծով: Հյուսիսային Կովկասի բնակիչները ձերբակալվում են բռնաշորթումների եւ գողության համար, Միջին Ասիայի բնակիչներն էլ հանցավորության գրեթե բոլոր ոլորտներում են՝ գույքային հանցագործություններից մինչեւ տնտեսական ոլորտի հանցագործություններ:
Նշվում է, որ 20-28 տարի առաջ Միջին Ասիայում ծնելիության բում էր, ինչը ներկայումս հանգեցրել է տեղի բնակչության համատարած գործազրկության: Մոսկվացի գործատուների կողմից էժան աշխատուժի օգտագործումը հանգեցնում է այդ անձանց թվաքանակի մեծացմանը, ինչն էլ սպառնում է հանրային անվտանգությանը:
Մոսկվայում նախորդ տարի Կովկասից եւ Միջին Ասիայից գնացածները ընդհանուրը 9302 հանցագործություն են կատարել (17,1%), որոնցից 6788-ը կատարել են Միջին Ասիայի բնակիչները (73%): Առավել հաճախ ծանր հանցանքներ են գործում Ուզբեկստանի եւ Տաջիկստանի քաղաքացիները (45,6%), Հյուսիսային Կովկասից գնացածների ցուցանիշը 15% է:




























