Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքի քաղաքապետ Պատրիկ Քենոնը, որը մարտի 26-ին կալանավորվել էր կաշառակերության կասկածանքով, հրաժարականի դիմում է ներկայացրել, լրագրողներին հայտնել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Քենոնը մինչեւ դատն ազատ էր արձակվել 25 հազար դոլար գրավի դիմաց: Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան մինչեւ 20 տարվա բանտարկություն է սպառնում եւ մոտ 1 մլն դոլարի տուգանք:
Դատախազության տվյալով՝ Քենոնը կալանավորվել էր ՀԴԲ-ի գործողության շրջանակում, որի աշխատակիցները ներկայացել էին որպես կառուցապատողներ եւ քաղաքապետին գումար առաջարկել քաղաքում մի շարք նախագծեր իրականացնելու համար: Քենոնը համաձայնել էր եւ քողարկված գործակալներից 50 հազար դոլար ստացել: Բացի այդ, վերջիններս վճարել էին այս եւ նախորդ տարի նրա կատարած թռիչքները եւ թանկարժեք հյուրանոցներում հանգրվանելու ծախսերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շարլոթը ԱՄՆ-ի մեծությամբ 2-րդ ֆինանսական կենտրոնն է, որը զիջում է միայն Նյու Յորքին: Քաղաքում են գտնվում ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of America-ի գրասենյակը, ինչպես նաեւ մի շարք էներգետիկական ընկերություններ:




























