Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ՝ մարտի 26-ին, Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի բեմադրության ներկայացմանը միջադեպ է եղել:
Թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւանի թիվ 114-րդ դպրոցի 10 եւ 11-րդ դասարանի աշակերտները ամբողջ ընթացքում ռեպլիկներով խանգարել են ներկայացումը: «Ամբողջ ներկայացումը խանգարել են, վերջիվերջո, բեմում դերասաններ են խաղում, ինչպե՞ս կարելի է, ամեն ինչ չափ ու սահման ունի: Հսկիչները փորձել են սաստել, չի ազդել, նույնիսկ իրենց ուսուցիչները չեն կարողանում իրենց վրա ազդել, դերասանն էլ դուրս է եկել, ասել հանգիստ պահեք, հո դուք ոչխարներ չե՞ք, դրանից իրենք շատ վատ են զգացել: Հավաքվել են 30 հոգով, թե կանչեք դերասաններին ռառզբորկա, հետո մեր փոխտնօրենը նրանց ճանապարհել է»,- պատմեց տնօրենը:
Հայկ Խերանյանն ասաց, որ որեւէ մեկը որեւէ մեկին չի հարվածել, տուժողներ չեն եղել, այլապես եթե աշակերտները ոտնձգություն անեին դերասանների նկատմամբ, իրենք կդիմեին ոստիկանություն: «Դերասանները ինտելիգենտ մարդիկ են, ժողովրդական արտիստներ կան, խաղում են բեմում, չե՞ս հավանում, դուրս արի, ի՞նչ միտք ունի կոպիտ ձայներ հանել, հեռախոսներով լույսեր գցել, դերասաններին հայհոյել: Նրանք նույնիսկ ցանկացել են ներկայացումը կանգնեցնել: Նրանց խփել կլինի՞, ո՞նց կարող է դերասանը ներկայացումը թողնել, իջնել բեմից եւ հարվածել: Ներկայացում են նայել որ իմանան՝ ըստ վիպակի է, թե ոչ»,- ասաց Հայկ Խերանյանը՝ հերքելով լուրերը, թե դերասանը հարվածել է աշակերտին կամ տեքստը ըստ բնագրի չի ասել, ինչը վրդովեցրել է դպրոցականներին:
Թեեւ այսօր թատրոնի համար դժվար է հանդիսատես բերելը, բայց տնօրենը մտադիր է արգելել թիվ 114 դպրոցի աշակերտների մուտքը իրենց թատրոն, «այլապես ստացվում է, թե գումարը տվել են, ինչ ուզեն, կարող են անել»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ միջադեպի հետ կապված որեւէ ահազանգ չեն ստացել:




























