Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նախնական կալանքից պետք է ազատվի, ոչ թե քննիչները պետք է հայտարարեն նախաքննության ավարտի եւ շուտով գործը դատարան ուղարկելու մասին: Այս մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սակայն անհիմն մեղադրանք է: Բացակայում է հանցակազմը եւ անհիմն մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորել են այն բանի համար, որ նա նստացույց անելիս իր խնդիրներն է բարձրաձայնել եւ նոյեմբերի հինգին էլ հայտնել է սադրիչների մասին: Մեղադրանքից էլ երեւում է, որ տուժող կողմը եղել է քաղաքացիական հագուստով եւ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ այդ մարդը ոստիկան է»,- ասաց նա:

Ինեսա Պետրոսյանը համոզված է, որ կալանքն էլ է անհիմն երկարաձգվում. «Փոխարեն հանվի կալանքը, հայտարարում են, որ նախաքննությունը շուտով կավարտվի եւ գործը կընդունվի դատարան: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան` շատ լավ իմանալով, որ նա հոգեպես առողջ է, այնուամենայնիվ քսան օր շարունակ պահեցին այնտեղ»:

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ կարծում, որ նախաքննական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել իր պաշտպանին:

«Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութեր օգտագործելու մեջ, սակայն ապացույց չկա, որ այդ նյութերը ռազմամթերք են: Բացի դրանից նախաքննական մարմինը ազատ չէ: Տուժողները ոստիկաններն են, իսկ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Հետեւաբար, արդար եւ ազատ նախաքննության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:

Փաստաբանի խոսքով` դատարանն ինքն էլ չգիտի, թե ինչի հիման վրա է արդեն հինգ ամիս երկարաձգում նախնական կալանքը:

«Առաջին դեպքում Միսակ Առաքելյանի կալանքը երկարաձգելու որոշման ժամանակ դատարանը նշեց, որ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության բացակայում է եւ դրա համար են Միսակի կալանքը երկարաձգում: Երկրորդ դեպքում ասացին, որ գործը պետք է ուղարկել դատարան, դրա համար են նորից երկարաձգում այն: Բայց մի՞թե գրավով ազատվելու դեպքում, գործը դատարան չէ՞ր գնալու»,- ընդգծեց փաստաբանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից  6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):