Սան Ֆրանցիսկոյում չորեքշաբթի օրը կաշառակերության եւ խարդախության մեղադրանքով կալանավորվել է Սենատի վերին պալատի անդամ, Կալիֆորնիայի սենատոր Լիլանդ Յին:
Դաշնային դատախազները քաղաքական գործչին խարդախության, զենքի ապօրինի վաճառքի նպատակով պայմանավորվածության գալու եւ կաշառակերության մեղադրանքներ են ներկայացրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:
Հաղորդվում է, որ օրենսդրին ջրի երես դուրս բերելիս օգնել է քողարկված գործողությունը, որի ընթացքում հատուկ ծառայությունների գործակալը Յիին ներկայացել էր որպես իտալական ծագմամբ գանգստեր՝ Նյու Ջերսի նահանգից, եւ ապօրինի առեւտրականներին 2,5 մլն արժողությամբ զենքի խմբաքանակ վաճառելու բանակցություններ սկսել: Յին նաեւ քննարկել էր զենքը Նյուարք քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) նավահանգստից Հյուսիսային Աֆրիկա կամ Սիցիլիա ուղարկելու հնարավորությունը, միաժամանակ, ինչպես ասված է քննության փաստաթղթերում, նա մշտապես մտավախություն էր հայտնել, որ իրեն հետեւում են:
Այնուամենայնիվ, օրենսդիրն իրեն մեղադրանքի ոչ մի կետով մեղավոր չի ճանաչում: Նրա շրջապատը հրաժարվում է իրավիճակը մեկնաբանելուց:




























