Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանին հայտնել են, որ իր պաշտպանի հետ մարտի 21-ին քննչական գործողություն է լինելու, որը սակայն առանց պատճառի հետաձգվել է: Այս մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը` անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե հնարավոր է մեղադրանքները մեղմացվեն:

«Անցած շաբաթ ինձ զանգեցին քննիչներն ու ասացին, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ մարտի 21-ին, քննչական գործողություն է լինելու: Գնացի, բայց պարզվեց, որ չի լինելու: Հետաձգելու պատճառը ինձ չհայտնեցին, սակայն ենթադրում եմ, որ այն վերաբերվում էր նախաքննության ավարտին»,- ասաց նա:

Ինեսա Պետրոսյանը համոզված է, որ Շանթ Հարությունյանի եւ իր 13 ընկերների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում. «Քրեական օրենսգիրքը այս դեպքում չի գործում: Իշխանությունները ապացուցում են, որ այս մարդիկ քրեորեն պատժելի արարք են գործել զուտ իրենց քաղաքացիական հայացքների մասին, ու բոլորին էլ պահում են կալանքի տակ` անկախ մեղադրանքից»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից  6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):