Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների նախօրեին Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը (RTUK) չեղյալ է համարել Kanalturk հեռուստաընկերության միջազգային եթերի արտոնագիրը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել Kanalturk-ին զրկել միջազգային եթերի իրավունքից, սակայն RTUK-ը չէր կայացրել վերջնական որոշում։
RTUK-ը մարտի 27-ին հայտարարել է, որ Kanalturk հեռուստաընկերությունը զրկվել է միջազգային եթերի արտոնագրից եւ իր գործունեությունը կարող է շարունակել որպես տարածաշրջանային հեռուստաընկերություն։
Նշենք, որ Kanalturk հեռուստաընկերությունը պատկանում է Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին։
Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։




























