Շանթ Հարությունյանը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց: Այս մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Առերեսումներ չեն եղել իմ պաշտպանի հետ, բացի դրանից Շանթ Հարությունյանը հրաժարվել է որեւէ տեսակի ցուցմունք տալուց»,- ասաց նա:

Մինչդեռ նույն գործով կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ իր պաշտպանի հետ առերեսումներ եղել են:

Անդրադառնալով նախաքննության ավարտի մասին տեղեկություններին, փաստաբաններն ընդգծեցին, որ խոսակցություններ կան, որ առաջիկայում նախաքննություն կավարտվի, սակայն օրը դեռ հայտնի չէ:

«Հենց նախաքննությունն ավարտվի, մենք կսկսենք ակցիաներ»,- փաստաբանների խոսքին հավելեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Լրագրողների հարցին, թե ինչպիսին է փորձաքննությունների արդյունքները, փաստաբանները նախընտրեցին լռել` չխախտելով նախաքննության գաղտնիությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից  6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am