«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության  մեջ գտնվող Շանթ Հարությունյանը դիմել էր, որ իրեն տեղափոխեն «Երեւան» ՔԿՀ, սակայն առանց հիմնավորման վերջինիս տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղբանտարկյալի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Շանթ Հարությունյանը դիմել էր, որ իրեն տեղափոխեն «Երեւան» քրեակատարողական հիմնարկ, բայց չգիտես ինչու տեղափոխեցին «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում են նախկին ոստիկանության աշխատակիցները»,- ասաց նա:

Հարցին` արդյոք վտանգավոր չէ Շանթ Հարությունյանի համար «Վարդաշեն»-ում գտնվելը`փաստաբանը նշեց. «Նա առանձին է պահվում, ոչ մեկի հետ չի շփվում»:

Ինեսա Պետրոսյանը մարտի 21-ին է վերջին անգամ տեսակցել իր պաշտպանի հետ: Նրա խոսքով` Շանթ Հարությունյանը լավ վիճակում է, առողջականը լավ է եւ շարունակում է պնդել, որ ինքը մեղավոր չէ: Շանթ Հարությունյանի ընտանիքն էլ ամիսը երկու անգամ տեսակցում է քաղբանտարկյալին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից  6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am