ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին հայտարարել է, որ թուրքական բանակը կոծկում է Քեսաբում զինված խմբերի ահաբեկչական գործողությունները, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի շտաբում մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ նա ընդգծել է, որ թուրքական բանակը նախկինի պես աջակցում է այդ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը: Դիվանագետն ասել է, որ Թուրքիայի զինված բացահայտ միջամտությունն առաջին անգամ է տեղի ունենում՝ նպաստելով իրավիճակի էսկալացիային ու միջամտելով ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանությանը:
Նշենք, որ օրեր առաջ սիրիական Քեսաբ քաղաքը, որը սահմանակից է Թուրքիային, զանգվածային գրոհի է ենթարկվել զինված ահաբեկիչների կողմից: Նրանք քաղաք են ներթափանցել թուրքական տարածքից: Քաղաքը մեծամասամբ բնակեցված է հայերով ու ալեւիներով: Բնակչության հիմնական մասը տարհանվել է Լաթաքիա:




























