Ամեն ինչ իր սահմանն ունի, սակայն իշխող ՀՀԿ փորձերը դուրս են բոլոր սահմաններից՝ փորձելու ներկայացնել, թե անում են ամեն բան՝ երկրի կրթական համակարգը բարեփոխելու: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն այնքան «թքած ունի» հանրային կարծիքի վրա, որ անփութորեն են կազմում օրենքները. «Երկրում դպրոցներից 80 տոկոսի տնօրենները իշխող կուսակցության անդամներ են: Այդ ցուցանիշով Հայաստանը համաշխարհային պատմության մեջ երկրորդ պատվավոր հորիզոնականում է՝ նացիստական Գերմանիայի ու Խորհրդային միության միջեւ: Այդ առումով նացիստական Գերմանիան առաջատար է, մինչ այդ ԽՍՀՄ-ում դպրոցի տնորենների թվում կոմունիստները ավելի քիչ էին, քան այժմ ՀՀԿ-ական տնօրենները: Սակայն կրթության նախարար Աշոտյանի ընտրած կուրսը շատ արագ կհանգեցնի նրան, որ Հայաստանը կգերազանցի նացիստական Գերմանիային»: Ընդդիմադիրը նաեւ ընդգծել է, որ նման իրավիճակ է տիրում նաեւ բուհերում, որտեղ անհնազանդ ռեկտորներին հեռացնում են աշխատանքից, ինչպես որ տեղի ունեցավ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պարագայում:

Կրթական համակարգը քննադատության ենթարկելով՝ Զուրաբյանը հնարավորությունը բաց չի թողել գովերգելու ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծելով, որ երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի մի մասն էր, վերջինիս բարեգործական հիմնադրամին թույլ էին տաիս վճարելու ուսանողների ուսման վարձերը. «Այժմ, երբ ԲՀԿ-ն ընդդիմություն է դարձել իշխանությւոնների նկատմամբ, նրան արգելել են դա անել: Մինչ այդ, բարեգործի պարտականությունները դրել են մի հանրապետական-ձեռներեցի վրա, որը բարեգործությունից հեռու է նույնքան, որքան նախարար Աշոտյանը բալետից»: