Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման, հիմնադրամի գործառույթների եւ գործունեության ուղղությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի մանրամասները:
Նշվել է, որ կառավարության կողմից արդեն հաստատվել է Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը եւ հիմնադրամի ձեւավորման հայեցակարգը: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից: Ակնկալվում է, որ նոր վարկային ծրագրի նախապատրաստման աշխատանքները եւս կավարտվեն մինչեւ տարեվերջ:



























