Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այսօր՝ մարտի 27-ին, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները եւ Քեսաբի ապագան:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայից հայտնեց ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, նախագահը չափազանց անկեղծ եւ դրական մթնոլորտ ստեղծեց, սպառիչ պատասխաններ տվեց բոլոր հարցերին: «Այժմ մենք շատ ավելի լավ ենք տեղեկացված Սիրիայում եւ դրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին, մտքեր ենք փոխանակել նախագահի հետ թե Սիրիայում, թե տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ այն տեղեկատվությունը, որ ստացել ենք, փոխանցելու ենք հայ հասարակությանը եւ հնարավորության դեպքում՝ նաեւ միջազգային հանրությանը: Սիրիայի կառավարությունը հաստատակամ է խաղաղություն հաստատելու եւ այն խմբավորումների դեմ պայքարելու հարցում, որոնք ներխուժել են օտար պետություններից, այդ թվում՝ նաեւ Թուրքիայից, դրանք իսլամական ռադիկալ խմբավորումներ են, որոնք ֆինանսավորվում են տարբեր երկրների կողմից: Սիրիայի կառավարությունը տարբերություն չի դնում իր քաղաքացիների միջեւ, նաեւ հայ համայնքին աջակցելու է Քեսաբ վերադառնալու հարցով: Առհասարակ, հայերի, հայության նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է»,- փոխանցեց Լեւոն Մարտիրոսյանը:

Հայ պատգամավորները ջերմ հանդիպում են ունեցել նաեւ Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ Ջիհադ ալ Լահամինի հետ: Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների մասին, ժողովրդական ժողովի նախագահը շատ անկեղծ եւ պատշաճ պատասխաններ է տվել իրենց հարցերին: Նա նշել է, որ Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում 3 տարբեր երկրների քաղաքացիներ կան, այդ թվում՝  Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:

Հայ պատգամավորները այժմ  պատրաստվում են հանդիպել Սիրիայի վարչապետի. հոգեւոր առաջնորդի եւ հայ համայնքի հետ հետ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա: