Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի փաստաբան Հրանտ Անանյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:
Նա շեշտեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ են մի շարք չափանիշներ, որոնք բացակայել են, հետեւաբար՝ կալանքի որոշումը պատճառաբանված չէ, հենց այդ շրջանակներում էլ բողոքարկել է կալանքի որոշումը:
Փաստաբանը նպատակահարմար չի գտնում այժմ անդրադառնալ դեպքի հանգամանքներին, նա միայն նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում: Ձերբակալվել է նաեւ նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Ավելի ուշ երկու ձերբակալված անձինք կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է:




























