Հայաստանի 450 հազար վարորդների առնվազն  30%-ն աղքատության շեմին է, կառավարության մարտի 27-ի նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Նա նշել է, որ կառավարության աշխատանքային խումբը առաջիկա 2-2,5 ամիսների ընթացքում ուսումնասիրելու է Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ տուգանքների նպատակահարմարությունը:

Նա հավելել է, որ մի շարք դեպքերում տուգանքները շատ բարձր են, եւ վճարելը հատկապես բարդ է չունեւոր խավի համար: «Ասենք, գյուղացին  բանջարեղեն է բերում Երեւանի շուկա:  Օրվա ընթացքում նա կվաստակի ընդամենը 5-10 հազար դրամ, որն էլ նրանից կարող են վերցնել, եթե  պարզապես հոծ գիծն է խախտել: Պետք է ուսումնասիրություն կատարել», - հայտնել է Թովմասյանը:

Մյուս կողմից էլ, հավելել է նա,  չպետք է պահանջել նվազեցնել տուգանքները միայն այն պատճառով, որ դրանք Եվրոպայում ցածր են: «Իրավագիտությունը մեխանիկական գիտություն չէ: Գլխավորը տուգանքի արդյունավետությունն է եւ խախտմանը նրա համապատասխանությունը: Դուք ուշադրություն եք դարձնում Եվրոպայում բարձր աշխատավարձներին, սակայն հաշվի առեք նաեւ վարելու մշակույթի մակարդակը: Հնարավոր է՝ դրա շնորհիվ այդ ցածր տուգանքները բավարար են», - նշել է նա: