Իմ երեկվա հայտարարություննրից հետո կարծում էի, որ «մեծ քառյակի» ներկայացուցիչները կհավաքվեն տարբեր գինու գործարաններում՝ քննարկելու ինձ պատասխանելու հարցը: Ու արդեն երեկոյան ավելի քան քսան հրապարակումներ կային կայքերում, որոնք նրանց ուղղակի ենթակայության տակ են, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է, որ ես ճիշտ եմ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ցանկանում եմ գործընկերներիս հարց տալ: Տղաներ, ո՞վ է զբաղվում ձեր փիարով: Հեռացրեք նրան աշխատանքից: Ինչպե՞ս կարեի էր ընկնել հասարակ քարոզչական թակարդը: Դուք միեւնույն ուղիով եք գնում ու ամեն անգամ ճակատին հրված եք ստանում»,-ընդգծել է Աշոտյանը:
Մեկնաբանելով իր հասցեին հնչած հայտարարությունն այն մասին, որ իրեն դեռ թվում է, որ ինքը դեռ ՈւՀԱ է խաղում, Աշոտյանն ընդգծել է, որ ՈւՀԱ խաղը ինտելեկտի ու արագ կողմնորոշվելու առկայություն է պահանջում. «Ավելի լավ է խաղալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը կամ սցենար գրել ՈւՀԱ համար, քան «02»-ի պոտենցիալ հերոս լինել կամ ներկայացնել այնպիսի քաղաքական ուժ, որի անդամներն ամեն շաբաթ կարող են հայտնվել քրեական քրոնիկոնում, կամ «Քաղաքական փեսա» քաղաքական սերիալի հերոսներ լինել»:
Նա նաեւ ընդգծել է, որ որոշ պատգամավորներ իրեն համեմատել են Նապոլեոնի հետ, ինչի համար ինքը շնորհակալ է. «Ցանկանում եմ ի պատասխան մեծահոգություն դրսեւորել ու ասել, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից, գոյություն ունի նաեւ քաղաքական կլեոպատրիզմ՝ խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով կառավարել աշխարհը: Թե ինչ վախճան ունեցավ Կլեոպատրան, բոլորս ենք հիշում: Նա այնքան երկար էր թունավորում ինքն իրեն, որ ոչ մի թույն նրա վրա չէր ազդում, մինչեւ որ գտավ մի բան, որն ավելի թունավոր էր, քան ինքը»:




























