Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչներն այսօր՝ մարտի 27-ին, կառավարության առջեւ հերթական բողոքի ակցիայի ժամանակ շրջապատեցին կառավարությունից դուրս եկող Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։
Բեգլարյանը լրագրողներին առաջարկեց անջատել տեսախցիկները, որպեսզի ինքը կարողանա առանձին խոսել բնակիչների հետ։ Բնակիչներն իրենք էլ սկսեցին հորդորել լրագրողներին հեռանալ, ոմանց նույնիսկ հրելով փորձեցին հեռացնել, իսկ Բեգլարյանը, տեսնելով, որ տեսախցիկները չեն անջատվում, հանդիմանեց լրագրողերին. «Ձեր ծնողների տարիքին են, խնդրում են չնկարել, դուք շարունակում եք նկարել»։
Ի վերջո, լրագրողներն անջատեցին տեսախցիկները, Բեգլարյանը հերթական անգամ լսեց նրանց, խոստացավ, որ նրանց խնդիրը կլուծվի ու հեռացավ։
Բնակիչների խոսքով՝ Բեգլարյանը միակ պաշտոնյան է, որ ամեն անգամ մոտենում ու լսում է իրենց։ Նրանք շարունակեցին վանկարկել՝ «վարչապետ, վարչապետ»։ Շենքից դուրս եկած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնպես լսեց նրանց, տեղեկացրեց, որ կառավարությունը ընդունել է խնդրի հետ կապված մի քանի որոշումներ, բանակցել կառուցապատողի հետ, եւ ուշադրության կենտրոնում է պահում Երեւանում բնակարանային նմանատիպ մի քանի խնդիրները։
«Ես որպես իշխանություն կարող եմ ներողություն խնդրել անհարմարությունների համար, բայց կրկնում եմ՝ այնպես չի, որ ամեն ինչի մեղավորը կառավարությունն է։ Կան փոքրիկ, չասեմ թերացումներ, օբյեկտիվ պատճառներ, եւ արդյունքում մենք ունենք այս պատկերը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ որոշ հարցեր քննարկվել են գաղտնի ռեժիմով, եւ ինքն իրավասու չէ դրանք հրապարակել։
Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։











