Կարելի է դիտարկել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման մի շարք տարբերակներ, կառավարության մարտի 27-ի նիստում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով կառավարության տեսակետը «Ժառանգություն» խմբակցության՝ ԱԺ-ի քառօրյան եռօրյայով փոխարինելու եւ երեք շաբաթը մեկ անցկացնելու փոխարեն 2 շաբաթը մեկ անցկացնելու նախաձեռնության հարցում:
Ընդհանուր առմամբ կառավարությունը դեմ չէ խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմներին՝ չնայած նախընտրում է չառաջարկել՝ այդ գործառույթը թողնելով պատգամավորներին: «Սակայն մենք կարող ենք «Ժառանգության» պատգամավորներին առաջարկել այլ միջոցներ դիտարկել, օրինակ՝ աշխատանքի սկզբունք ընդունել օրակարգի վերջնական սպառումը: Գաղտնիք չէ, որ խորհրդարանի օրակարգում ամիսներով մնում են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր օրինագծեր», - հայտնել է նախարարը: Նա հիշեցրել է, որ կառավարությունը օրինագծերը արտահերթ կարգով քննարկման ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն պետք է գործեն նաեւ աշխատանքի ավելի «հանգիստ» մեխանիզմներ:




























