Կանադայի ազատ դավանանքի հարցերով դեսպանը Էնդրյու Բենեթը հանդես է եկել հայտարարությամբ, անհանգստություն հայտնելով Սիրիայի հայերով բնակեցված Քեսաբի դեմ հարձակումների առթիվ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Կանադայի ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է. «Կանադան խորապես անհանգստացած է «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից վերջերս Սիրիայի Լաթաքիա նահանգի հայկական Քեսաբ քաղաքի դեմ հարձակումներով, որի ընթացքում հայկական եկեղեցիները պղծվել են, իսկ հայերն արտաքսվել իրենց տներից: Սիրիայում շարունակվող հարձակումները քրիստոնյաների, այդ թվում հայկական առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների վրա, անընդունելի են:
Մենք պնդում ենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն նման գործողությունների համար եւ որ կրոնական հողի վրա բռնությունների աճող ալիքը դադարեցվի: Կանադան նախկինի պես խորապես անհանգստացած է մարդու իրավունքների խախտումներով, այդ թվում եկեղեցիների եւ մզկիթների ոչնչացմամբ: Կանադան կանգնած է սիրիացի ժողովրդի կողքին եւ այսուհետ եւս կխրախուսի այլակարծիք, ժողովրդավարական զարգացումները, որոնց նպատակը բոլոր սիրիացիների պաշտպանությունն է, անկախ կրոնից, որ նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:




























