Երեւանի վճարովի ավտոկայանատեղիերը գերշահույթով չեն աշխատում, մարտի 27-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նշել է, որ հինգ տարին մեկ ընկերությունը («Փարքինգ Սիթի Սերվիս») պետք է փոխի կայանատեղիների հսկման բոլոր սարքավորումները: Հին սարքավորումներն ամբողջությամբ անցնում է պետությանը: «Այդպիսով, ընկերությունը պետք է ինչ-որ միջոցներ մի կողմ դնի՝ ապագա արդիականացման  համար», - պարզաբանել է նախարարը: Ըստ նրա՝ ընկերության  եկամուտների եւ ծախսերի հարաբերակցությունն արդեն այն 70/30-ը չի, որի մասին խոսվել էր ավելի վաղ, այլ՝ 50-50: 

Այն հարցին, թե օրինական է արդյոք բոլոր վարորդներից պահանջել կայանատեղիի վճարի գումարի նշմամբ sms ուղարկելը, նախարարը պատասխանել է, որ  կառավարությունում ստեղծվող աշխատանքային խումբը կուսումնասիրի կազմակերպության փորձը եւ կանոնների խախտումների պատիժները:  Կուսումնասիրվի նաեւ կայանատեղիի համար վճարի հարցը:  «Եթե մենք տեսնենք, որ sms ուղարկել դժվարացող մարդիկ իսկապես շատ են, կայանատեղիներում վճարումների տերմինալներ կտեղադրվեն», - նշել է Թովմասյանը: