Հայաստանի գյուղնախարարությունը հորդորում է առնել ցրտահարության դեմը:
ԳՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում սպասվում է օդում միչեւ -2 աստիճան, հողի մակերեւույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաեւ հետագա օրերի գիշերային ժամերին:
Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին եւ այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաեւ հոնենին:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր եւ գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչեւ առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաեւ բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը եւ այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:
Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետեւել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:




























