ԵԽԽՎ-ն կարող է առաջիկա նստաշրջանի ընթացքում , որը կբացվի ապրիլի 7-ին, վերանայել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները կամ էլ բոլորովին զրկել նրանց ձայնի իրավունքից, հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը:
Հաղորդվում է, որ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի բանաձեւը, որն առաջարկում է վերանայել ռուսական պատվիրակության լիազորությունները, ստորագրել է ԵԽԽՎ 74 անդամ: Դանիացի Մայքլ Յենսենի բանաձեւի տակ ստորագրել է 53 պատգամավոր: Այն ենթադրում է ձայնից զրկել ռուսական պատվիրակությանը: Երկու բանաձեւերն էլ ԵԽԽՎ արձագանքն են Ղրիմում ռուսական գործողություններին, ընդգծում է պարբերականը: Թե երկու բանաձեւերից որը քվեարկության կդրվի, կորոշվի նստաշրջանի առաջին օրը:
Իր հերթին Ռուսաստանը, ի պատասխան հնարավոր պատժամիջոցների, կարող է առհասարակ հրաժարվել նիստերին մասնակցելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:




























