«Մեր գործընկերները նախընտրում են օտար օլիգարխներին՝ տեղականի փոխարե՞ն», - կատակով հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Արտասահմանյան ներդրումների մասին» օրենքում «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: Մարտի 27-ի նիստում կառավարությունը հիշյալ օրինագիծը մերժել է:
Օրենքի գործող խմբագրությունը արտասահմանյան ներդրումներին օրենսդրության անբարենպաստ փոփոխություններից հնգամյա պաշտպանություն է տալիս, որպեսզի Հայաստանի բիզնես կլիման ավելի կանխատեսելի դարձնի, այս միջոցը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես grandfather clause:
«Ժառանգության» պատգամավորները, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գլխավորությամբ, առաջարկել են չեղյալ հայտարարել այս դրույթը, հիմնավորելով, որ այն տեղական ընկերությունների համար մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում եւ կարող է մենաշնորհների գոյացման պատճառ դառնալ: Պատգամավորներն օրինակներից մեկն անվանել են 90-ականներին «ԱրմենՏելի» դեպքը, որը հեռախոսային կապի մենաշնորհ էր ստացել:
Էկոնոմիկայի նախարարությունն իր պատասխանում նշել է, որ տնտեսական մրցունակությունը կարգավորվում է այլ օրենսդրական դրույթներով: Համապատասխանաբար, «ԱրմենՏելն» էլ առավելություններն ստացել էր «Արտասահմանյան ներդրումների մասին» օրենքի շրջանակներում:




























