Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտ Արտաշես Ա.-ն մեղադրվում է նույն դպրոցի աշակերտ Հայկ Հ.-ին դանակով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 22-ին ժամը, 14:00-ի սահմաններում: 16-ամյա Արտաշեսը դպրոցի դասարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել եւ կռվել է նույն դպրոցի 15-ամյա աշակերտ Հայկ Հ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Արտաշեսն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Հայկին՝ պատճառելով ծանր վնասվածք:

Արտաշես Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Արտաշեսը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: