Մենք «հրաշալի քառյակի» ներկայացուցիչներ չենք, մոռացեք այդ բառը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական 4 խորհրդարանական ուժերի վերաբերյալ շրջանառվող անվանումը:
«Ինչ «հրաշալի քառյակի» մասին է խոսքը: Մենք «հրաշալի քառյակ» չենք, մոռացեք այդ բառը: Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, որոնք համագործակցում են կոնկրետ խնդիրների շուրջ: Մեր մասին միասնական տերմինի օգտագործումը անիմաստ է»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ եթե իշխանության ներկայացուցիչների կողմից հարձակումները շարունակվեն, ՀՅԴ-ն եռակի կպատասխանի:
Հիշեցնենք, որ «հրաշալի քառյակ» արտահայտության հեղինակը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը մարտի 1-ի հանրահավաքում ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին այդպես անվանեց:




























