Սիրիայի Քեսաբի շրջանի հայ բնակչությանը ընդունելու եւ նրանց անվտանգությունը ապահովելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ընդամենը տեղեկատվական քարոզչություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը:

«Եթե այդպես են ցանկանում, ինչո՞ւ թողեցին հարձակվեն մեր վրա, իրենք են մեր վրա հարձակվողը: Եթե մեզ հրավիրում են, ինչո՞ւ հարձակվեցին մեզ վրա, ամենը սուտ է: Դա իրենց հեռուստատեսության պրոպագանդան է, ամբողջը սուտ է, թուրքն է մեզ ջարդողը, թալանողը, իրենք են սահմանը բացել եւ թողել, որ հարձակվեն»,- նշեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Թուրքիան պատրաստ է ընդունել Սիրիայի Քեսաբի շրջանի հայ բնակչությանը եւ ապահովել նրանց անվտանգությունը։

Նշենք, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ Թուրքիայից Քեսաբի շրջան ներխուժած ահաբեկչական խմբավորումները թալանում են հայերի տները եւ թալանածն ուղարկում Թուրքիա։

Բացի այդ, թուրքական Haber.sol կայքը տեղադրել էր «Ալ Նուսրա» խմբավորման զինյալներից մեկի տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես են ահաբեկչական խմբավորման անդամները զենքերով առանց խոչընդոտի Թուրքիայից մտնում Սիրիա, իսկ սահմանում որեւէ թուրք աշխատակից չի կանգնեցնում։

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 23-ի կեսօրին սիրիական ռազմական օդանավը հայերին պաշտպանելու համար գործողություն էր իրականացնում Քեսաբ մտած ահաբեկչական խմբավորումների դեմ, երբ թուրքական օդուժը հարվածել եւ վայր էր գցել սիրիական ռազմական օդանավը։