Ուկրաինան ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ դիմակայության պատանդն է դարձել. Սպիտակ Տունը նախատեսում էր Ուկրաինայի եւ Լեհաստանի միջեւ միությամբ կտրել կապտ Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, «Ուկրաինական ճգնաժամ. Դրա ազդեցությունը միջազգային հարաբերություններում» անվանումով սեմինար քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի հետ նոր մակարդակով տնտեսական հարաբերությունների նորմալացման եւ ԵՄ-ի հետ գործընկերային փոխհարաբերությունների վերականգնմամբ Ուկրաինայի առջեւ լավ հեռանկարներ կբացվեին: Ուկրաինան յուրօրինակ կամուրջ կդառնար Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ: «Եղել է եւ կլինի էներգետիկ կախվածություն Ռուսաստանից: Ուկրաինան կպահպանվի ներկա սահմաններով՝ մնալով քաղաքական առումով խարխուլ պետություն, անկայուն սահմանադրական կարգով: Երկիրը կսուզվի ներքին խնդիրների մեջ, եւ ԵՄ-ի կողմից Կիեւի հանդեպ հետաքրքրությունը կնվազի»,-ասել է Ռոմանը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը երկիրը չի ազատի իր տարածքում առկա հակամարտություններից եւ անկայունություն կստեղծի Ռուսաստանի հետ սահմանին:
«Ոչ մի հիմք չկա կարծելու, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կդառնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Կիեւը դատապարտված է միաժամանակ մասնակցել երկու աշխարհաքաղաքական նախագծերում՝ ռուսական եւ հակառուսական»,-ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը՝ հավելելով, որ եթե 1-2 տարվա ընթացքում պայմանավորվածություն չլինի Սպիտակ Տան եւ Կրեմլի միջեւ, Ուկրաինան կշարունակի տառապել:



























