Թուրքիայի ԱԳ նախարարի, փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի միջեւ Սիրիայի հետ կապված սկանդալային խոսակցության գաղտնալսումն է հայտնվել ինտերնետում։
Secim gudumu ծածկանունը կրող օգտատիրոջ կողմից Youtube-ում տեղադրած գաղտնալսման մեջ ըստ պնդման խոսում են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը։
Սենյակում արված գաղտնալսման մեջ Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա եւ այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։
Այնուհետ Դավութօղլուն շարունակում է՝ ասելով. «պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա»։
Այդ ընթացքում Հաքան Ֆիդանը նշում է, թե իրենք մոտ 2000 բեռնատար զենք են ուղարկել Սիրիա, որին հակադարձում է Յաշար Գյուլերը՝ պնդելով, թե այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա։




























