Արդեն շուրջ 3 տարի է՝ ինչ ազգայնական Թուրքիան հետեւողականորեն իրագործում է հայաթափումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Թուրքիայի կողմից  իրականացվող այս կարգի գործողությունը կարելի է գնահատել միմիայն, որպես ռասիստական եւ մարդատյաց։ Այդ մասին ասվում է Վերակազմյալ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության տարածած հայտարարության մեջ:

«Փաստորեն 1915 թ․ Մեծ Եղեռնը ստանում է նոր զարգացում եւ բովանդակություն։ Քեսաբի շրջանի վերջին դեպքերը դրա վառ ապացույցն են, քանզի Թուրքիան ավանդաբար արհամարհանքով է վերաբերվում միջազգային կառույցների դատապարտող կարծիքին, ինչպես նաեւ այս կամ այն երկիր քաղաքական ղեկավարության հորդորներին։

Ժամանակն է թղթե շերեփը վերջապես փոխարինել երկաթյա շերեփով (ըստ Խրիմյան Հայրիկի)։

Ելնելով վերոնշյալից  ՀՀ քաղաքական ղեկավարությունից պահանջում ենք՝

1․ Անհապաղ չեղյալ ճանաչել առկախված խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները։

2․ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, աշխարհին կրկին անգամ ցույց տալ ժողովրդավարության քողի տակ թաքնված, ժամանակակից թուրքական պետության իրական դեմքը, որի նպատակներն ըստ էության չեն տարբերվում Երիտթուրքական իշխանության գործելաոճից։

3․Օգտագործելով միջազգային բոլոր խողովակները, ներկայացնելով վերջին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող Սիրիայի հայաշատ շրջանների հայաթափության փաստը, ավելի ակտիվացնել քարոզչությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում։

4․ Առաջնորդվելով աշխարհասփյուռ հայության եւ հայ հասարակության արդարացի դժգոհությամբ Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի պարտադրված, մասսայական տեղահանման փաստով, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին համախմբել եւ կենտրոնացնել բոլոր ուժերը սիրիահայության պահպանության եւ պաշտպանության գործում։